ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«Ո՞ՒՄ ԹԵԹԵՎ ՁԵՌՔՈՎ ԹՈՒՐՔԻԱՆ ՄՏԱՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ»

«Ո՞ՒՄ ԹԵԹԵՎ ՁԵՌՔՈՎ ԹՈՒՐՔԻԱՆ ՄՏԱՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ»
27.11.2009 | 00:00

«Ոչ մեկի մտքով չէր կարող անցնել, որ կգտնվի այն հայը, ով կասկածի տակ կառնի ցեղասպանության փաստը, կստորագրի նման արձանագրություն, որտեղ պարզ նշված է Ղարաբաղի այն կարգավիճակը, որն Ադրբեջանն է ցանկանում։ Փաստորեն, մտել ենք մի փակուղի, որտեղից դուրս գալու միայն մի ելք ունենք` ժամ առաջ ազատվել այս իշխանություններից»,- երեկ հայտարարեց Համահնչակյան կենտրոնական վարչության ներկայացուցիչ ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ, հիշեցնելով ընտրությունների ժամանակ միջազգային հանրության որդեգրած դիրքորոշումը։ «Մենք հույս ունեինք, որ արևմտյան ժողովրդավարության ջատագովները նման բան թույլ չէին տա, բայց... Այդ ամենի գինը ցեղասպանությունն էր, Ղարաբաղը։ ՈՒստի այս իշխանություններով պարզապես հետդարձի ճանապարհ չկա։ Դրա համար էլ ընկեր Պրեսկոտը, մնացած խամաճիկ դիտորդները լռեցին։ Սրանից հետո ոչ մի երկիր Հայոց ցեղասպանությունը չի ճանաչի»։ Անդրադառնալով արձանագրություններում առկա դրույթներին, Եղիազարյանն իր զայրույթը հայտնեց, երբ ասում են, թե դրանում «եղեռն» բառը չկա։ «Եթե չկա, էդ պատմաբանների հանձնաժողովն ի՞նչ պիտի քննարկի, եթե ոչ 20-րդ դարի խոշոր հանցագործության հարցը։ Մենք տանուլ ենք տալիս ամեն ինչ, նաև Ղարաբաղը։ Առանց Ղարաբաղի չկա Հայաստան, և առանց Հայաստանի չկա Ղարաբաղը»։
Ակումբի հյուրը չշրջանցեց նաև Շվեյցարիայում Հայաստանի արտգործնախարարի պահվածքն ու հատկապես «թշերը»։ «Մի երկու հոգի վերցրին տղայի թշից քաշեցին, խաղացին թշերի հետ, նա էլ ստորագրեց արձանագրությունը։ Բայց ինչի՞ համար էր այդ ամենը։ Պարզվեց, Դավուդօղլուն պիտի խոսեր Ղարաբաղից... Ո՞Ւմ թեթև ձեռքով Թուրքիան մտավ Հարավային Կովկաս, ո՛չ վրացիների և ո՛չ էլ ադրբեջանցիների, այլ մե՛ր»։ Եղիազարյանին զարմացնում են այն պնդումները, թե արձանագրությունները հայանպաստ են, բայց այդ դեպքում ինչո՞ւ չեն շտապում վավերացնել. «ՈՒնենք մի Ազգային ժողով, որտեղ ցանկացած հարց կարող են անցկացնել մեկ վայրկյանում, ուրեմն ինչո՞ւ չեք վավերացնում, վավերացրե՛ք»։
Չնայած ասուլիսի սկզբում ՍԴՀԿ անդամը կարևորեց Հայաստանին նետված արտաքին քաղաքական սպառնալիքներն ու մարտահրավերները, լրագրողներին առավել շատ հետաքրքրում էին հնչակների նեղ կուսակցական խնդիրները։ Վերջին շրջանում ներհնչակյան տարաձայնությունները և Վարդան Խաչատրյանի ՍԴՀԿ անդամ լինել-չլինելու հարցն այնքան է որոշ ԶԼՄ-ներով շահարկվել, որ կարելի է մտածել, թե Հայաստանն այլ խնդիրներ չունի։ Լրագրողական այսպիսի մթնոլորտն էր պատճառը, որ ասուլիսում հնչած գրեթե բոլոր հարցերն առնչվում էին հիշյալ թեմային, ուստի ուղղակի կներկայացնենք պարոն Եղիազարյանի որոշ պարզաբանումները։ Նախ` Վարդան Խաչատրյանի մասին. «Կարծում եմ, Վարդան Խաչատրյանն անդամ է, իսկ ինչի՞ և որտեղի՞, հարցրեք իրեն... Խաչատրյանը միգուցե Լեսոթոյի ինչ-որ կուսակցության անդամ է կամ Հռոմի պապն է` չլինելով կաթոլիկ։ Նա հեռացվել է կուսակցությունից... Ո՞վ էր Պանիկովսկին հեղափոխությունից առաջ` կույր էր, հեղափոխությունից հետո բացվեցին նրա աչքերը։ Մարդը, ով «Ժառանգությունից» դուրս գրվեց, հանկարծ հիշեց, որ ինքը սոցիալիստ է... Այն մարդը, ով կազմակերպել էր Վարդան Խաչատրյանի անդամակցությունը, գուցե նպատակ ուներ, որ մենք կգնանք խախտումների, ու դրանով Հայաստանում կկասեցվեր ՍԴՀԿ-ի գործունեությունը»։ Եղիազարյանը որպես «գաղտնիք» պատմեց նաև կուսակցությանն անդամակցելիս Խաչատրյանի երդման արարողության մասին, որն ավանդաբար լինում է դաշույնի վրա։ «Երդման դաշույնը «սիպուկո» էր, որը խարակիրիների դաշույն է... Ասացի` Վարդան, պատրաստվում ես քաղաքական խարակիրիի՞»։
Չնայած բանախոսն ամեն կերպ լրագրողներին ուղղորդում էր ազգային հարցերի տիրույթ, սակայն, ասուլիսն այդպես էլ մնաց ներկուսակցական «ռազբորկայի» հարթությունում։ Ի՞նչ կարող ես անել, այդպես էլ է լինում։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1695

Մեկնաբանություններ